Կա կարգախոսի մոտ 20 տարբերակ, քննարկվել է նաև «Նիկոլ՝ վարչապետ» տարբերակը. ՔՊ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՎերջնական որոշում չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը` անդրադառնալով հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որն է լինելու «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը:
«Այսօր նոյեմբերի տասնչորսն է, քարոզարշավը մեկնարկում է ամսի 26-ին, ես կարծում եմ՝ մենք դեռ երկար ժամանակ ունենք քննարկելու համար»,- ասաց նա:
Վահան Կոստանյանը նշեց, որ կա կարգախոսի մոտ քսան տարբերակ, և վերջնական որոշում դեռ չկա:
Հարցին, թե այդ տարբերակների մեջ ներառված է արդյոք «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսը, նա ասաց, որ նման տարբերակ քննարկվել է: «Բայց դա քննարկվել է ի թիվս մի շարք այլ տարբերակների»,- ասաց նա:
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները հեշթեգով նշում էին #Նիկոլ Վարչապետ #Իմ քայլը#:
Հիշեցնենք նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին, և այսօր «Իմ քայլը» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է նախընտրական ամբողջական ցուցակը: