2019-ի բյուջեն անցումային տնտեսական փաստաթուղթ է. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Դժվար է ասել՝ ներքաղաքական իրավիճակը, թե նախընտրական թոհուբոհն էր պատճառը, որ այդպես էլ լուրջ մասնագիտական քննարկում չծավալվեց բյուջեի բովանդակության շուրջ: Տպավորությունն այնպիսին էր, որ բյուջեի մասին առանձնապես ասելիք էլ չկա: Առաջին անգամ նույնիսկ տնտեսագետները չեն ցանկանում երկրի համար շատ կարևոր այդ քաղաքական փաստաթուղթը վերլուծել՝ համարելով, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ եթե ինչ–որ բան հնարավոր էր ասել, ասվել է:
Այդուամենայնիվ, կարծիք կա, որ հաջորդ տարվա բյուջեն ավելի շատ անցումային ժամանակաշրջանի բյուջե է, քանի որ ներկայացված փաստաթղթից ավելին ակնկալել պարզապես լուրջ չէ: Ինչ վերաբերում է բովանդակայինին, ապա այդ առումով էլ այնքան արձանագրային փաստաթուղթ է, որ չի կարող դիմանալ անգամ ամենամեղմ քննադատությանը:
«Փաստի» հետ զրույցում տնտեսագետներից ոմանք, այնուամենայնիվ, տեսակետ հայտնեցին, որ հաջորդ տարվա բյուջեն ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունի և հիմնականում միտված է լինելու արտաքին պետական պարտքը սպասարկելուն: Այսինքն, այն նույնիսկ բարի կամքի դրսևորման բյուջե չի կարելի համարել: Այդ իսկ պատճառով դժվար է ակնկալել, որ հաջորդ ֆինանսական տարում լուրջ տնտեսական առաջընթաց կլինի, հատկապես, եթե երկիրը չորդեգրի խորը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհը:
Ի դեպ, բարեփոխումների ճանապարհով գնալու համար նույնպես ժամանակ է հարկավոր: Ուստի, օդում կախված սպասումները, թե արտահերթ ընտրություններից հետո կարող է տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն կամ ի հայտ գան նոր իրողություններ, մեղմ ասած՝ մոլորությունների դաշտից է:
Բացենք փակագծերը: Հայտնի փաստ է, որ սովորաբար բյուջեն հիմնված է լինում կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ տնտեսական զարգացման տեսլականի հենքի վրա: Ու հենց այստեղից էլ սկսվում է խիստ անորոշ պատկերի ձևավորումը, քանի որ ներկա իշխանությունները կարծես թե ո՛չ երկարաժամկետ, ո՛չ էլ միջնաժամկետ կտրվածքով որևէ հստակ ծրագիր այդպես էլ չեն ներկայացրել: Անցած 6 ամիսների ընթացքում կառավարությունն ավելի շատ զբաղված է եղել մեծ ու փոքր խնդիրներ լուծելով: Իսկ հիմա, երբ երկիրը համապետական ընտրությունների շեմին է, ու այս պահին դեռ հասկանալի չէ, թե հաջորդ իշխանությունների կողմից երկրի տնտեսական զարգացման ինչ հեռանկար է առաջարկվելու, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթից էական սպասումներ ունենալը լուրջ չի կարող լինել:
Ու եթե դասական իմաստով բյուջեն սովորաբար պետք է արտացոլի թե՛ ֆինանսական հոսքերի ստեղծման, թե՛ դրանց վերաբաշխման ուղիները, ապա 2019–ի բյուջեն առավելապես վերաբաշխման մասով է ավելի հստակ, իսկ հավաքագրման մասով այն ունի իներցիոն բնույթ: Բնական է, որ նման պայմաններում հնարավոր չէ տնտեսական աճ ապահովելու մասին խոսել:
Բացի այդ, իրավիճակը վերլուծելու և եզրահանգումներ անելու համար տնտեսագետներին հստակ թվեր են պետք, որոնք, կարծես թե, նույնպես հստակ չեն: Նրանց կարծիքով, կայուն տնտեսական աճի մասին չենք կարող երազել անգամ լուրջ խոսել այնքան ժամանակ, քանի դեռ վիճակագրական ցուցանիշները չեն արտացոլում երկրի իրական պատկերը: Այսինքն, այստեղ էլ խնդիրներ կան, քանի որ թվերը հիմնականում չեն արտացոլում տնտեսական իրական պատկերը: Ստացվում է՝ տարիներ շարունակ բարեփոխումների անվան տակ իրականացված իմիտացիոն գործընթացները հանգեցրել են նրան, որ այսօր անգամ հնարավոր չէ հստակ հասկանալ, թե անցած տարիների ընթացքում երկիրը այս կամ այն ուղղությամբ ո՞ր կետից ո՞ւր է հասել: Եվ այս պայմաններում վերլուծել երկրի թիվ մեկ ֆինանսատնտեսական փաստաթուղթը կամ խոսել տնտեսական կայուն զարգացման մասին, տնտեսագետների կարծիքով լուրջ չէ, իսկ բյուջեի կատարման մասով, ինչպես մասնագետներն են ասում, կապրենք, կտեսնենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում