Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի». «Փաստ»
ИНТЕРВЬЮ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի ստորագրման շուրջ են աշխատում: Ըստ մի շարք հայտարարությունների, փաթեթն արդեն պատրաստ է, որում առկա է նաև կարևոր ձևակերպում, ըստ որի՝ «Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այս գաղափարը շրջանառվում էր դեռ 2016թ. ապրիլ յան պատերազմից:
«Կարծում եմ, որ անցած երկուսուկես տարին միանգամայն բավարար էր այն իրագործելու համար: Ուղղակի հարցը պետք է լուծվի՝ ընտրելով ճիշտ պահ: Դա պետք է լինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսում է ագրեսիվություն դրսևորել, բայց չպետք է լինի այն պահը, երբ հարաբերական անդորր է: Այսինքն՝ այնպես չպետք է լինի, որ այդ քայլն էսկալացիայի պատճառ կամ, ավելի ճիշտ, պատրվակ դառնա: Համապատասխան պահի, այո՛, պետք է ընդունել այդ փաստաթուղթը: Դա պետք է վաղ թե ուշ արվեր: Եվ ուզում եմ շեշտել, որ, ցավոք, այդ երկուսուկես տարվա ընթացքում բազմաթիվ նման հարմար պահեր են բաց թողնվել»,–«Փաստի» հետ զրույցում նկատեց փորձագետը:
Թեև ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին հայտարարություն եղավ, բայց այսօր տեղաշարժեր չկան: Կան կարծիքներ, թե տեղաշարժերի սպասելը հնարավոր է միայն ընտրություններից հետո, երբ ներքաղաքական կայունություն կլինի: Նշված դիտարկմանն ու հարցին, թե ներքաղաքական կայունությունը բավարա՞ր է արդյունք տեսնելու համար, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց.
«Այստեղ, իհարկե, հարցը բազմաշերտ է և բազմակողմ: Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք հետևյալը. մեր կոնֆլիկտը ղարաբաղյան է, և այս բանակցություններում կարող է խոսք լինել Արցախի ճակատագրի մասին: Եվ պետք է հաշվի առնել, որ առանց Արցախի հնարավոր չի լինի որևէ հարց լուծել: Այսինքն՝ Արցախի՝ բանակցային ֆորմատ վերադառնալու հարցի լուծումը ոչ թե մեր՝ ուզել– չուզելու, այլ հարցը լուծել–չլուծելու դաշտում է՝ կապված է այդ հանգամանքի հետ: Բացի այդ, այն, որ արտաքին և ներքին հարցերը փոխկապակցված են, ևս միանշանակ է: Երրորդ. թեև հիմա, այո, նախընտրական շրջան է, և կարծես մեծ ակտիվություն չկա բանակցային գործընթացում, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել նաև հետևյալը. նախ՝ ի տարբերություն մի շարք վերլուծաբանների, որոնք համարում են, թե Հայաստանը հեղափոխությունից հետո իր դիրքերը թուլացրել է, ես պնդում եմ հակառակը: Հայաստանի դիրքերն ուժեղացել են, որովհետև Հայաստանն այսօր ներկայացնում են մարդիկ, որոնց լեգիտիմությունը կախված չէ արցախյան հարցի շուրջ բանակցություններից կամ արցախյան կոնֆլիկտից: Երկրորդ՝ նրանք չունեն այն կախվածությունները, ինչն ուներ նախորդ իշխանությունը: Հետևապես՝ նրանք կարիք չունեն արցախյան հարցը դարձնել առևտրի առարկա՝ իրենց լեգիտիմության բացերը լրացնելու համար»:
Այդուհանդերձ, Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ բոլոր դեպքերում հայկական դիվանագիտությունը համակարգման կարիք ունի: «Այսինքն՝ դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի և հենց այդ դիրքերից պետք է Հայաստանն իրականացնի իր հետագա դիվանագիտությունը: Այդ աշխատանքներն այսօր իրականացվում են, և համոզված եմ, որ արդյունքներ կունենանք: Ի դեպ՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ձևավորել մի մտայնություն, թե արդյունքներ չկան: Բայց չէ՞ որ սա նախևառաջ առնվազն երկկողմ գործընթաց է, էլ չասեմ՝ բազմակողմ, և այնպես չէ, որ Հայաստանի ուզել–չուզելով են պայմանավորված այդ արդյունքները: Սա բարդ գործընթաց է, և նման հարցերը լուծվում են միանգամայն այլ տրամաբանության մեջ, և ոչ թե այնպես, ինչպես որոշ շրջանակների կողմից է ներկայացվում»,–եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում