Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունեցել ենք հնարավորություն՝ լինելու «Իմ քայլը» դաշինքում, բայց մենք տարբեր ենք. Էդմոն Մարուքյան
ПОЛИТИКАԱյս փուլում չկա ոչ իշխանություն և ոչ էլ ընդդիմություն, որովհետև հրաժարական է տվել կառավարությունը, արձակված է խորհրդարանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով գլխավորում է իրենց ընտրական ցուցակը:
Նա նշեց, որ իրենք կարծում են, որ հենց իրենք կլինեն ընդդիմություն, քանի որ այն ուժերը, ովքեր հայտարարում են, որ ընդդիմություն են լինելու, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ուզում են ուղղակի ռևանշի հասնել, իսկ նախկինում եղել են իշխանություն, իսկ իրենք կարող են լինել իշխանությունից դուրս մյուս համակարգը, որը ցանկացած պահի ընտրությունների միջոցով կարող է դառնալ իշխանություն:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ՀՀԿ-ն պետք է բաց թողներ այս ընտրությունները, հաջորդին մասնակցեր:
Ինչ վերաբերում է իրենց՝ ԼՀԿ-ի ցուցակին, ապա Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ցուցակը կազմվել է more for more (ավելին ավելիի համար) սկզբունքով: «Մեծահարուստներ, օլիգարխներ, նախկին ՀՀԿ-ականներ ու ՀՀԿ խմբակցության նախկին անդամներ չենք ներգրավել մեր ցուցակում»,-հիշեցրեց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ իրենք կարող են լինել այն ուժը, որին չեն մեղադրի նախկինում արված որևէ քայլի համար: Իսկ հարցին, թե ինչու չենք քննադատում գործող իշխանություններին, ԼՀԿ նախագահն ասաց, որ կառուցողական քննադատություն եղել է, սակայն դեբատներ կլինեն, երբ մեկնարկի քարոզարշավը, դեբատները կլինեն ծրագրերի շուրջ. «ՀՀԿ-ն ասում է՝ միայն մենք ենք քննադատում, բայց ընդդիմություն լինելը միայն քննադատելով չէ»:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ քաղաքական ուժերը չեն քննադատում գործող կառավարությանը՝ մտավախություն ունենալով, որ կդառնան թիրախ, նա պատասխանեց, որ երբեք նման թիրախ դառնալուց չի վախեցել, ժամանակին քննադատել է նաև «Սասնա ծռերին». «Երբ որ ես էի քննադատում Նիկոլին, ոչ մի քննադատող չկար, հանրապետականներն էլ էին վախենում քննադատել, երբ որ պետք է եղել, մենք արել ենք քննադատություն»:Նա շեշտեց՝ քանի որ վտանգ կա շահարկման, հակահեղափոխության, ավելի ազատ կլինի դրա մեջ, երբ հակահեղափոխության վտանգն այլևս չի լինի, բայց բացի այդ էլ ասաց, որ հիմա էլ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ էլ ներկայացնում է քննադատություններ, մտահոգություններ առկայության դեպքում: Մարուքյանը հավելեց, որ որևէ ձևով կաշկանդվածություն չունեն, հիշեցրեց նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ սև ու սպիտակի վերաբերյալ հայտարարությունները:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իշխանությունն է ստանալու ձայների մեծամասնությունն ընտրություններում, սակայն իրենք կոալիցիայի չեն գնալու. «Ես չեմ տեսնում կոալիցիայի որևէ հավանականություն, մենք ունեցել ենք հնարավորություն՝ լինելու ներկայացված «Իմ քայլը» դաշինքում, սակայն մենք չենք գնացել դրան, դրա համար մեզանից ինչ-որ մարդիկ գնացել են այնտեղ, մենք տարբեր ենք»: