Պատգամավորի թեկնածուներից ովքեր են առաջադրվել Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում
ПОЛИТИКАԱրտահերթ խորհրդարանական ընտրություններին Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված են ներկա և նախկին պատգամավորներ, նախարարներ, կառավարության անդամներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ՊՊԾ գունդը գրաված անձինք և այլք:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից 4-րդ ընտրատարածքում առաջադրված են ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, նույն խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Հարություն Կարապողոսյանը, ինչպես նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
«Իմ քայլը» դաշինքից առաջադրված են կառավարության մի շարք անդամներ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և փոխնախարարներ Արմեն Փամբուխչյանն ու Հակոբ Սիմիդյանը: Այս ընտրատարածքում դաշինքից ներկայացված են նաև ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Նարինե Թուխիկյանը և Լուսինե Բադալյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն ընտրատարածքում առաջադրված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով:«Մենք» դաշինքից առաջադրվել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը և «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը: 4-րդ ընտրատարածքում պայքարի մեջ է մտել նաև «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը:
«Օրինաց երկիր» կուսակցությունից այս ընտրատարածքում ներկայացված է նախկին պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Իսկ «Սասնա ծռեր» կուսակցությունից ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու են ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արեգ Կյուրեղյանը և Աշոտ Պետրոսյանը: