ՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ անգամ փողոցում չկարողանան քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես. Փաշինյան
ПОЛИТИКАՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ անգամ փողոցում չկարողանան քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ահազանգում է, որ ուղղորդումներ են եղել ՔՊ-ի կողմից, իրենց համակիրներին «խորհուրդ են» տալիս հեռու մնալ ՀՀԿ շտաբներից:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բոլորի անվտանգությունն ապահովված է:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտել քարոզչություն իրականացնել փողոցներում, ավելի շատ մամուլի միջոցով է աշխատելու, վարչապետի պաշտոնակատարը հարցով պատասխանեց. «Լո՞ւրջ եք ասում»:
Ինչ վերաբերում է բոլոր ուժերի համար հավասար պայմաններ ապահովելուն, Փաշինյանն ասաց. «Դե արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել ու քարոզչություն անել, կան ուժեր, որ չեն կարող դա անել: Հիմա ի՞նչ անենք, զոռով տանենք ՀՀԿ-ականներին փողոցներում կանգնեցնեն՞նք: Ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործվելու»:
Նա անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշին՝ նշելով, որ մարզերում հանդիպումների ժամանակ իրենց վարկանիշի հետ կապված միայն պոզիտիվ շարժ է տեսնում. «Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ եւ շարունակելու եմ շփվել: Երթը ունի քայլելու բնույթ»: