Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում. հերթը դատախազներինն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները այսօր՝ դեկտեմբերի 3–ին, Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրին Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ երկու բողոքները: Այս պահին բողոքների վերաբերյալ դիրքորոշում է հայտնում մեղադրանքի կողմը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե ֆիզիկապես հնարավոր է այսօր ավարտին հասցնել գործը: Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցել է, սակայն չմանրամասնեց, թե ինչ է ասել երկրորդ նախագահը:
Հարցին, թե դատարանի կողմից շտապողականություն նկատվո՞ւմ է , Օրբելյանը պատասխանեց՝ այո, եւ ոչ: «Դատական նիստերը ամեն օր են նշանակվում, չնայած դատարանի մեծ ծանրաբեռնվածությանը. դա զուտ շտապողականություն է, թե այլ հանգամանքներով է պայմանավորված, կդժվարանամ մեկնաբանել»,- ասաց Օրբելյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, Օրբելյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ առկա ե՛ւ իրավական, ե՛ւ փաստական, ե՛ւ վերլուծական նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ պետք է մեզ համար դրական արդյունք ունենանք, բայց որեւէ բան կանխատեսել չեմ կարող»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: