ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆԻՍԻ). Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում պա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Oրի­նա­կա՞ն է ար­դյոք դե­ռա­հաս­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Փնթի և ոչ արդյունավետ քարոզարշավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Երևանի քաղաքային միջավայրը, որն առանց այդ էլ աչքի չէր ընկնում իր հարմարավետությամբ ու աչքի համար միշտ տհաճ տպավորություն էր թողնում, դարձել է նախընտրական քարոզարշավի զոհը: Գովազդային վահանակների առատության հետ արդեն հաշտվել էինք, ու մեծ հաշվով տարբերություն չկա՝ այդ վահանակների վրա հեռուստացույցի, լվացքի փոշու, վարկային կազմակերպության, թե պատգամավորի թեկնածուի գովազդ է: 

Բայց օրենքով սահմանված ու կարգավորվող վահանակներից դուրս էլ քարոզարշավը գտել է տարածվելու եղանակներ: Բնակելի և ոչ բնակելի շենքերի պատեր, փողոցային լույսերի սյուներ, շքամուտքերի դռներ, վերելակների պատեր: Շարքը կարելի է անվերջ շարունակել: Քարոզարշավը հասել է ընդհուպ մինչև դռան դիմացի շոր, երբ նախընտրական բուկլետները սկսում են հանգրվանել այդ շորի վրա, ուղղակի ոտքի տակ: 

Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկություններից մեկը՝ թեկնածուների առատությունը, ենթադրելի էր, որ քարոզարշավային նյութը կլինի սովորականից շատ: Բայց որ այսքան շատ ու այս քանակությամբ, այս դրսևորումներով, դժվար էր պատկերացնել: Մոտավորապես նույն պատկերը համացանցում է: Ֆեյսբուքում իրար հերթ չտալով բացված անհատական էջերը, այդ էջերի տարածումը sponsored վերտառությամբ: Մի խոսքով, հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով քարոզարշավ ու թեկնածուներ: Արդյունքում շահում են միայն նախընտրական բուկլետների տպագրությամբ զբաղվողները և պարոն Ցուկերբերգը: 

Սակայն սա հարցի, այսպես ասած, գեղագիտական կողմն է: Մի կողմ թողնենք քաղաքային միջավայրի հանդեպ քարոզարշավի դրսևորած փնթիությունը, փորձենք մոռանալ ֆեյսբուքյան հարթակում կատարվողը: Գանք հարցի արդյունավետության կողմին: Կլինի ֆեյսբուքյան հարթակում, թե բուկլետների ու գովազդային վահանակների տեսքով, շատ դժվար է 1400 թեկնածուներին տարբերել իրարից: Թեկնածուներից քչերն են, որ ունեն կուտակած քաղաքական կապիտալ, արդեն հայտնի են հանրությանը ու ունեն որոշակի համակրանք ու վստահություն: Շատերի քաղաքական կենսագրությունը մեկ–երկու ամսվա կյանք ունի ընդամենը: Հարց է ծագում՝ միանման բուկլետներ ու գովազդային վահանակներ պատվիրելով, բուկլետները միջնորդավորված տարածելով՝ ի՞նչ խնդիր են լուծում թեկնածուները: Ինչո՞ւ է բոլորին միաժամանակ թվում, թե բուկլետ պատվիրելով ու բաժանելով կամ գովազդային օրինական վահանակներով ու պաստառներն անօրինական կերպով ամենուր կպցնելով՝ հնարավոր է լինելու հավաքել պատկառելի ձայներ:

Ինչ–որ տեղ կարելի է հասկանալ, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի այն թեկնածուներին, որոնք քարոզարշավ անում են անելու համար և վստահ են, որ կհայտնվեն կա՛մ օրենսդիրում, կա՛մ գործադիրում Նիկոլ Փաշինյանի հեղինակության հաշվին: Հասկանալի է նաև այլ ուժեր ներկայացնող այն թեկնածուների մոտիվացիան, որոնք ընտրական պրոցես են մտել ոչ թե խորհրդարանում հայտնվելու նպատակով, այլ կարճաժամկետ խնդիր ունեն լուծելու՝ որևէ ուժի համար բերել, ասենք, 300 ձայն, բնականաբար, համապատասխան գումարի դիմաց: 

Բայց այսքանով հանդերձ կան բազմաթիվ թեկնածուներ, որոնց քարոզարշավային գործունեության արդյունավետությունը խիստ կասկածելի է թվում: Եզակի են դեպքերը, երբ, օրինակ, թեկնածուներն իրենք են թակում մարդկանց դռները կամ փողոցում իրենք են բաժանում նախընտրական բուկլետներ, բնականաբար, հընթացս նաև զրուցելով ու ներկայանալով քաղաքացիներին: Այդ եզակի դեպքերը քարոզարշավային այս անհասկանալի ու խայտաբղետ քաոսի մեջ թողնում են դրական տպավորություն՝ առնվազն այն իմաստով, որ նման թեկնածուները տպավորվում են մարդկանց ուղեղներում: Մնացյալ դեպքերում գործ ունենք նույն գործիքների հետ, որոնք թեկնածուները կիրառում են այնպիսի իքնավստահությամբ, կարծես հեծանիվ են հորինել:

Ռեյտինգային համակարգի խաղի կանոնները, երբ քարոզարշավին մասնակցում են հարյուրավոր թեկնածուներ ամեն ընտրատարածքում, էլ ավելի են սուր դարձնում քաղաքական սնանկության այն միջավայրը, որն ունենք: Բազմաթիվ թեկնածուներ, որոնք ոչ քաղաքական կենսագրություն, ոչ էլ ասելիք ունեն, դառնում են այդ սնանկության դեսպանները: Տպավորություն է ստեղծվում, թե քարոզարշավ վարելու կամ քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է երեք բան՝ ունենալ նախընտրական շտաբ, ունենալ ֆեյսբուքյան էջ, պատվիրել գովազդային վահանակներ, պաստառներ ու բուկլետներ և տարածել դրանք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan