Ռուսաստանը չպետք է թերագնահատի Արևմուտքին. բրիտանական ՄԻ-6 արտաքին հետախուզության ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական ՄԻ-6 արտաքին հետախուզության ղեկավար Ալեքս Յանգերը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է թերագնահատի Արևմուտքին՝ նշելով, որ ՌԴ-ն արևմտյան երկրների հետ մշտական առճակատման դիրքում է գտնվում:
Ինչպես գրում է բրիտանական Reuters գործակալությունը, Յանգերը մեղադրել է Ռուսաստանին Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենք կիրառելու համար՝ նկատի ունենալով ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքը, որը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել:
«Նույնիսկ, երբ ռուսական պետությունը ցանկանում է ապակայունացնել մեզ, մենք չենք ցանկանում Ռուսաստանի ապակայունացումը, մենք չենք ձգտում լարվածության», - ասել է Յանգերը:
Ռուսաստանի արտգործնախարարությունից արդեն արձագանքել են նրա այս հայտարարություններին ու նշել, որ պաշտոնական Լոնդոնը ձախողում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ցանկացած հնարավորություն: