Հայաստանն ու Մոնղոլիան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց կազատեն մուտքի արտոնագրի պահանջից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանն ու Մոնղոլիան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց կազատեն մուտքի արտոնագրի պահանջից:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն, համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել և քաջալերել պայմանավորվող կողմերի պաշտոնյաների այցելությունները` դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու միջոցով:
Կողմերից յուրաքանչյուր պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս կողմի պետության տարածք մուտքի, կացության, ելքի կամ անհրաժեշտության դեպքում այդ պայմանավորվող կողմի պետության տարածքով տարանցման համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով: Իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, մյուս կողմի տարածքում երեսուն օրից ավելի մնալու ցանկության դեպքում նախապես պետք է ստանան մուտքի արտոնագիր: