Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել Թուրքիայի նախկին նախագահի խորհրդականին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեդ Սևերին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նախկին նախագահի խորհրդականը մեղադրվում է իր տպագրած գրքում Էրդողանի վերաբերյալ անթույլատրելի տեղեկություններ օգտագործելու մեջ:
Սևերի նկատմամբ բողոք է ներկայացրել անձամբ Թուրքիայի նախագահը:
Տեղեկության համաձայն՝ դատախազություն կանչված Սևերը չի ներկայացել և դատախազին պատասխանել է գրավոր:
Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Սևերը տպագրել է «Թող իմ մեջ չմնա. վկայությունս է» գիրքը, որում Էրդողանի վերաբերյալ օգտագործված տեղեկություններն ու արտահայտությունները համարվել են անթույլատրելի, և ներկայիս նախագահը դատի է տվել հեղինակին:
Թուրքիայում 2017 թ. քրեական օրենսգրքի՝ երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար պատիժ նախատեսող հոդվածով քննվել է 46 հազար 193 դատական գործ: Այս ամենից հետո Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն Էրդողանին «շնորհել էր ամենանեղացկոտ առաջնորդի կոչումը»: