Արցախը վերադարձնել բանակցային սեղան, վերամիավորել ՀՀ-ին, փոխել բանակցությունների ֆորմատը. Ինչպես են ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները գլխավորողներ տեսնում ԼՂՀ խնդրի կարգավորումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրային հեռուստաընկերության եթերում մեծ բանավեճին ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարները անդրադարձան՝ «ինչպես եք տեսնում Ղարաբաղյան խնդրի հեռանկարը, ինչպիսին են Ձեր մոտեցումները Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման խնդրին» հարցերին:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ պետք է շարունակել շատ մեծ շեշտ դնել Զինված ուժերի արդիականացման վրա. «Մենք մշակել և թողել ենք 7-ամյա զարգացման ծրագիր, որն ըստ ամիսների նկարագրում է անելիքները: Հուսով եմ, որ այդ անելիքներն ի կատար են ածվում»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը բացառում է այն հնարավորությունը, որ կարելի է բանակ ամրապնդել և Արցախի խնդրի լուծման բարենպաստ պայմաններ ստանալ:
«Լիֆտում բանակցություններից հետո Ալիևին իմաստուն և կիրթ մարդ անվանելը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ սպառնալից տոնով խոսելը, կարծում եմ՝ մեծ վտանգ է: Մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր մոտեցումների հետ կապված առաջին հերթին մեր ներսում քաղաքական դիսկուրսը հակառակորդի համար նյութ չդարձնելու և դաշտ չբացելու տեսակետից»,- հայտարարեց ՀՀԿ առաջին համարը:
Վ. Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները վերջին 7 ամիսներին լուրջ սխալներ են թույլ տվել անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես, նա նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարի միջև այսօրվա հեռակա բանավեճը: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու»: