Փաշինյանն ունի երկու աքիլլեսյան գարշապար՝ արտաքին քաղաքականություն եւ Արցախի հակամարտության կարգավորում. Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանն ունի երկու աքիլլեսյան գարշապար՝ արտաքին քաղաքականություն եւ Արցախի հակամարտության կարգավորումը։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։
«Երեկ Հ1–ի եթերում Վիգեն Սարգսյանը շատ արագ մերկացրեց Փաշինյանի գիտելիքի, փորձի եւ տեսլականի բացակայությունը։ Շատ վտանգավոր է, որ այն մարդը, ով ընտրություններից հետո ներկայացնելու է Հայաստանն արտերկրում, այդ թվում արցախյան կարգավորման շուրջ դիվանագիտական միջազգային շրջանակներում, չի տիրապետում հարցին եւ չունի հստակ տեսլական։ Եթե իրենք կարծում են, որ հայ–ռուսական հարաբերությունների ճիշտ մակարդակն է, երբ ՌԴ նախագահը, կամ ԱԳՆ մամուլի խոսնակը առնվազն սխալ եւ տարակուսելի են հանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ապա այդ մակարդակը գուցե հարիր է գործող վարչակազմին, բայց ոչ երբեք հայ– ռուսական ռազմավարական հարաբերություններին»,– նշեց Աշոտյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարության տողատակերին՝ Աշոտյանն ասաց, որ հակիրճ այն նշանակում էր. «Էս ի՞նչ եք անում, տղերք։ Էս ի՞նչ եք խոսում, տղերք»։