Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն որոշել է գնալ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ. պաշտպան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով մինչեւ դատարանն իր գործի վերաբերյալ որոշումը կուղարկի քննիչին, ինքն ինքնուրույն որոշեց գնալ ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվողն «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ Քոչարյանը այս պահին այնտեղ է և սպասում է, թե երբ քննիչը բերի համապատասխան որոշումը:
«Դրա համար պարոն Քոչարյանն այս պահին այստեղ չի: Եթե նա ազատության մեջ լիներ, եւ ինքը որոշումը կայացնողը լիներ՝ գալ-չգալու, ես չգիտեմ՝ ինքը կգա՞ր էստեղ, թե՝ չէր գա, ես դա ասել չեմ կարող»,- ասաց Ալումյանը:
ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ:
Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: