Ռուսաստանը հետևություններ կանի, եթե ԵԱՏՄ անդամ-երկրները չմիանան Արևմուտքի դեմ պատժամիջոցներ սահմանելու գաղափարին. Ստանիսլավ Տարասով
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանը հետևություններ կանի, եթե ԵԱՏՄ անդամ-երկրները չմիանան Արևմուտքի դեմ պատժամիջոցներ սահմանելու գաղափարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Երբեմն հասունանում է այն պահը, երբ պետք է ցուցադրել միասնությունը: Արդեն չի ստացվի, որ մեկին հարվածեն, մյուսները՝ ուրախանան: Ռուսաստանի կոչը սրա մասին է: Այո, ԵԱՏՄ անդամ-պետությունները ունեն երկկողմանի հարաբերություններ Եվրամիության երկրների, Արևմուտքի հետ և նրանց համար ցավոտ է պատժամիջոցների տակ հայտնվելը, բայց գալիս է պահը, երբ պետք է ընտրես»,- նշեց Ս. Տարասովը:
Նա ասաց, որ Ռուսաստանը միայնակ կհաղթահարի մարտահրավերները, բայց արդյոք ԵԱՏՄ անդամ մյուս երկրները կհաղթահարե՞ն, եթե իրենց նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառվեն ու ՌԴ-ն դրան կողքից նայի:
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դրան չհամաձայնի, նա պատասխանեց. «Դա անձնական որոշում է: Ռուսաստանի քաղաքականությունը մերձավոր և հեռավոր գործընկերների հետ հարաբերությունները սերտացնելն է: Դա պետք է տեղի ունենա անձնական, սեփական որոշման հիմքում, առանց ճնշումների և բնականաբար, հաշվի առնելով ազգային հետաքրքրությունները: Եթե Հայաստանը կարծում է, որ իր ազգային շահերը Ռուսաստանի ազգային շահերին օրինակ՝ մեր հարցում են համընկնում, խնդրեմ... Դա կլինի Հայաստանի ընտրությունը և մենք կհարգենք այն՝ անկախ նրանից դուրս է գալիս մեզ, թե ոչ»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է Հայաստանում վստահ լինեն, որ Ռուսաստանը չի ճնշելու այս որոշման կայացման հարցում, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ մարդիկ լավ չգիտեն ժամանակակից Ռուսաստանի քաղաքականությունն ու էությունը:
«Մեզ մեկ մեղադրում են տարածաշրջանում գերակա դիրք ունենալու մեջ, մեկ ասում են, որ մեր դիրքերը թուլացել են և այլն: Բայց իրականում մենք ունենք մեր շահերը: Մենք տեսնում ենք, թե ինչ մարտահրավերներ կան, ինչ «արկածներ» են մեզ սպասվում: Կեղտոտ գործը մեկն ու մեկը ստիպված է անել: Ադեկվատ է պետք նայել իրադարձություններին: Եթե նախկինում այս տարածաշրջանը նավթի, գազի ու բնական պաշարներով էր հայտնի, հետաքրքիր, հիմա այդպես չէ»,- նշեց նա: