Կոտայքի մարզում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո հերթի մեջ առանձնացրել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Ականատես»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ողջ տարածքում իրենց կողմից դիտարկվող 300 ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումները:
Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, 23/25, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20, Երևանի Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 9/7, 9/8, 9/9 և 9/10 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված:
Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել:
Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին և կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը:
2 դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը, սակայն Տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է:
Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահազանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով:
Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:
Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան:
Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Նշենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանությունը պահանջում էր ԱԺ արտահերթ ընտրություններ: Վարչապետ Փաշինյանը հրաժարական տվեց, Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779-ը: ՀՀ-ում կա 13 ընտրատարածք, որից 4-ը Երևանում:
11 քաղաքական ուժերը ներկայացրել են 1471 պատգամավորի թեկնածու: