Երևանի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ ողջ տարածքում իրենց կողմից դիտարկվող 300 ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումները:
Մասնավորապես, Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:
Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է և չի կատարվել:
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հեռավորության վրա առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Նշենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանությունը պահանջում էր ԱԺ արտահերթ ընտրություններ: Վարչապետ Փաշինյանը հրաժարական տվեց, Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779-ը:
ՀՀ-ում կա 13 ընտրատարածք, որից 4-ը Երևանում:
11 քաղաքական ուժերը ներկայացրել են 1471 պատգամավորի թեկնածու: