Ընտրությունների գործընթացը դրական ենք գնահատում․ Մանե Թանդիլյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸնտրախախտումների մասին ահազանգեր չենք ստացել, սակայն առանձին տեղերում որոշ խախտումներ են նկատվել, որոնց մենք շատ արագ արձագանքել ենք․ մասամբ դրանք կեղծ ահազանգեր են եղել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը։
«Ընդհանուր առմամբ, ընտրությունների գործընթացը դրական ենք գնահատում, քանի դեռ չենք ստացել քվեարկության վերջնական արդյունքերը»,-նշեց Թանդիլյանը։
Հարցին, թե ինչով է նա պայմանավորում ընտրողների ցածր մասնակցությունը, Թանդիլյանը նշեց, որ կարող է մի քանի փաստարկներ բերել, թե ինչու էր մասնակցության ցուցանիշը ցածր․ «Առաջին հերթին, դա նախընտրական մոտիվացիայի բացակայություն է։ Սա ասում եմ ցավով, քանի որ ստացվում է, որ մեր քաղաքացիները քվեարկությանը մասնակցում էին փողի պատճառով։ Երկրորդ պատճառն այն է, որ երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն ոչ ոք չի քվեարկել։ Վերոհիշյալները հաշվի առնելով՝ կարող եմ նշել, որ երկրում արդար ընտրություններ են անցկացվել, իսկ նախընտրական կաշառքն ու կեղծիքները նվազագույնի են հասցվել»։
Այս պահին Թանդիլյանը դժվարանում է կանխատեսումներ անել իր կուսակցության համար, նշում է, որ ամեն դեպքում պետք է սպասել վերջնական արդյունքներին։ «Կարծում եմ, որ արդյունքները գոհացնող կլինեն։ Բացառում եմ, որ մեր կուսակցությունը խորհրդարան չի անցնի։ Վստահ եմ, որ մեր քաղաքացիները գիտակցված որոշում են կայացրել»։
Անդրադառնալով ՀՀԿ հայտարարությանը, թե ընտրությունները անցան աննախադեպ ատելության մթնոլորտում, Թանդիլյանը նկատեց՝ հենց ՀՀԿ-ի իշխանության օրոք էին աննախադեպ ընտրություններ գրանցվել՝ կեղծիքների, ընտրակաշառքի եւ ատելության տեսակետից․ «Հետեւաբար չարժե մեկնաբանել մի կուսակցության խոսքերը, որը հեռանում է քաղաքական դաշտից»։