Գյումրիում կնոջ սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց հավաքարարուհու սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց գլխավոր դատախազության հանրային կապի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Կնոջ սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է:
Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Կարեն Խաչատրյան