«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթեր կարձակվի բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթեր կարձակվի բացառապես հայերեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի պաշտոնակատարը գրառման մեջ նշել է.
«Երեկ կառավարության որոշմամբ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Ու հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ, և նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես հայերեն:
Հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը մեր քաղաքականության հիմնական նպատակներից է»: