Վրաստանում ձերբակալվել է Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Կիրկիտաձեն, երկուշաբթի ձերբակալվել է:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, վերջինիս ձերբակալել են ոստիկանի վրա հարձակվելու, իրավապահ մարմիններին դիմադրելու և ոստիկանական գույքը փչացնելու մեղադրանքով: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Կիրկիտաձեն դեկտեմբերի 16-ին մասնակցել է ոստիկանների և ընդդիմության կողմնակիցների միջև դիմակայությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանների և ընդդիմության կողմնակիցների միջև բախումների ժամանակ իրավապահ մարմինների ավելի քան 10 աշխատակից է տուժել, վնասվել են իրավապահ մարմիններին պատկանող մեքենաները:
Կիրկիտաձեն Սաակաշվիլիի նախագահության օրոք եղել է Քվեմո Քարթլի մարզի նահանգապետը:
Վրաց ՆԳՆ-ը կադրեր է հրապարակել Կիրկիտաձեի ձերբակալությունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վրաստանում կայացել է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: