Պոմպեոն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պայքարել ԻՊ-ի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրենք մտադիր են շարունակել պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ անկախ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումից:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, թեմայի շուրջ Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Աբդել Մահդիի հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով Իրաքի տարածքում ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարելու վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը:
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը նաև ընդգծել են սիրիական հակամարտության քաղաքական հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից էապես կախված է նաև Իրաքի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Սիրիայի տարածքից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու մասին: Մի խումբ ամերիկացի սենատորներ այդ առիթով նամակ են հղել Թրամփին՝ կոչ անելով վերանայել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման մասին որոշումը: Քաղաքական գործիչները կարծում են, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդմանը:
Բացի այդ, սենատորները համոզված են, որ իրավիճակից կարող է օգտվել նաև ԻՊ ահաբեկչական խմբավորումը, որը կարող է վերականգնել կամ ուժեղացնել իր գործունեությունը տարածաշրջանում: