Ցուցարարները Մակրոնին «գլխատել» են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում վառելանյութի գների բարձրացման դեմ բողոքող «դեղին բաճկոնավորները» ցույց են անցկացրել, որի ժամանակ գլխատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խրտվիլակը, հայտնում է Sud Ouest պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ խրտվիլակով միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ դեկտեմբերի 21-ին, Շարանտա դեպարտամենտի Անգուլեմ քաղաքում: Ակցիային մասնակցել է ավելի քան 90 մարդ, որոնք երկրի առաջնորդի դեմ «դատ» են իրականացրել, այնուհետեւ նրան գլխատել են:
Աշխատակազմի ղեկավար Մարի Լաժուսը դատապարտել է ցուցարարների գործողությունները: «Այդ սարսափելի տեսարանի ժամանակ Մակրոնի պատկերով տիկնիկը գլխատվել է: Այս փաստերը ծանր ազդեցություն են ունենում նախագահի անձի եւ պարտականությունների վրա»,- հայտարարել է նա:
Նշվում է, որ «դեղին բաճկոնավորների» գործողությունները կարող են որակավորվել քրեական կարգով: Ոստիկանությունը քննություն է սկսել հանցագործության եւ դատարանին չհարգելու կոչերի վերաբերյալ:
Մակրոնը դեկտեմբերի 10-ին ելույթ էր ունեցել BFMTV-ի եթերում եւ հայտարարել երկրում տնտեսական եւ սոցիալական արտակարգ իրավիճակի մասին: Ֆրանսիայի առաջնորդը ներկայացրել էր, որ 2019 թվականից երկրում նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով կբարձրանա, իսկ տարեվերջյան պարգեւավճարները չեն հարկվի: Ֆրանսիացիների մեծ մասն աջակցել էր Մակրոնի տնտեսական միջոցառումներին, սակայն արտահայտվել բողոքի ցույցերը շարունակելու օգտին:
Ֆրանսիայում անկարգությունները սկսվել են հոկտեմբերի կեսից: Երկրի բնակիչների դժգոհությունն էր հարուցել բանզինի հարկի բարձրացումը: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, որ սակագների բարձրացման վրա մորատորիում է սահմանվում, սակայն անկարգությունները շարունակվել էին: Ավելի ուշ սկսվել էին ցուցարարների զանգվածային կալանավորումները: