Քաղաքական իրադարձություններն առանձնապես մեծ հետք չթողեցին մշակութային կյանքի վրա. Հովիկ Չարխչյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՄենք հիմա տարին փակում ենք հարցադրումներով, թե ինչ է լինելու հետո, տա Աստված, որ եկող տարի այդ հարցի պատասխանը ունենանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց գրականագետ Հովիկ Չարխչյանը:
Նա նշեց, որ քաղաքական իմաստով այս տարի պատմական իրադարձություն կատարվեց Հայաստանում, և հիմա ժողովուրդը մեկ հիմնական խնդիր ունի՝ այդ իրադարձությունը փորձել ճիշտ ուղղությամբ տանել:
«Պետք է այնպես անել, որ կատարվածից քաղաքացին շահի, երկրում արդարություն, օրինականություն հաստատվի, և չի կարելի դրա պատասխանատվությունը միայն մեկ մարդու կամ մեկ թիմի վրա բարդել»,- ասաց նա:
Հովիկ Չարխչյանը նշեց, որ քաղաքական իրադարձությունները առանձնապես մեծ հետք չթողեցին մշակութային կյանքի վրա: «Մշակույթը կարծես մի պահ դադար առավ՝ ընկալելու, հասկանալու այն ամենը, ինչ կատարվում էր իր շուրջը, և մշակութային նշանակալի գործ չստեղծվեց, որը կախված էր հեղափոխական իրադարձության հետ»,- ասաց նա:
Գրականության, գրահրատարակչության ոլորտում, Հովիկ Չարխչյանը նկատեց, որ իրական առաջընթաց կա, ինչը հույս է ներշնչում, որ գրականությունը վերջապես կգտնի իր կորցված դիմագիծը:
Ինչ վերաբերում է Նոր տարվա նախապատրաստության հետ, նա նշեց, որ որոշների մոտ նոր տարին ասոցացվում է դժվարությունների հետ, որոշների մոտ՝ տոնական օրերի հետ: «Ի վերջո, կյանքի իմաստը միայն դժվարությունների, չարչարանքների մեջ չէ, մարդ պետք է կարողանա նաև լիցքաթափվել, մարդ պետք է կարողանա ճիշտ գնահատել իր ապրած կյանքի օրերը»,-ասաց նա:
Գրականագետը նշեց, որ կցանկանար՝ մարդկանց մեջ վերականգնվեր նախկին ջերմությունը, որը շատ կենսական հարց է համարում:«Շատ եմ ցավում, որ մարդիկ սառել են մեկը մյուսի նկատմամբ, կողքինի ուրախությունը, վիշտը կարծես իրենց չի վերաբերում: Մեզ համար շրջապատը լուսանկարելու առարկա չէ, այլ այդ շրջապատի մասնակիցը պետք է լինենք, և մարդը մարդուն վերաբերի մարդկային լավագույն որակներով, ոչ թե դիտարկի որպես մրցակից: Եթե չկա սիրո, հանդուրժողականության մթնոլորտ, մնացածը ոչ մեկիս հետաքրքիր չէ, ի վերջո, ի՞նչ բան է հայրենիք ասվածը, այն նախևառաջ մարդն է, չկա մարդ` չկա հայրենիք»,- ասաց նա: