«Մեր զորքերը դուրս են գալիս». Պոմպեոն հայտնել է, որ ամերիկացի զինվորականներն արդեն սկսել են լքել Սիրիայի տարածքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկյան Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն արդեն սկսել են լքել Սիրիայի տարածքը:
«Մեր զորքերը դուրս են գալիս», - ասել է Պոմպեոն՝ ընդգծելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է իր որոշմանն ու երկիմաստ քայլեր չի անում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը համաձայնվել էր դանդաղեցնել զորքերի դուրս բերումը՝ գործընթացն առավել խելամիտ կերպով իրականացնելու համար:
Օրեր առաջ Պոմպեոն հայտարարել էր, որ իրենք մտադիր են շարունակել պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ անկախ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումից:
Մի խումբ ամերիկացի սենատորներ այդ առիթով նամակ էին հղել Թրամփին՝ կոչ անելով վերանայել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման մասին որոշումը: Քաղաքական գործիչները կարծում են, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդմանը:
Բացի այդ, սենատորները համոզված են, որ իրավիճակից կարող է օգտվել նաև ԻՊ ահաբեկչական խմբավորումը, որը կարող է վերականգնել կամ ուժեղացնել իր գործունեությունը տարածաշրջանում: