Շեյխ Հասինան չորրորդ անգամ դարձել է Բանգլադեշի վարչապետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգլադեշի գործող վարչապետ Շեյխ Հասինան երկուշաբթի երդվել է՝ պաշտոնապես կրկին զբաղեցնելով երկրի վարչապետի պաշտոնը, հայտնում է bdnews24-ը:
Բանգլադեշում դեկտեմբերի 30-ին անցկացված համընդհանուր ընտրություններում «Մեծ դաշինք» կոալիցիան՝ «Ավամի լիգ» իշխող կուսակցության գլխավորությամբ ստացել է երկրի խորհրդարանի 300 տեղից 288-ը, ինչը նրան նոր կառավարություն ձեւավորելու հնարավորություն է տալիս:
Առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Ազգային միասնական ճակատը», որը գլխավորում է Բանգլադեշի ազգային կուսակցությունը, միայն 7 մանդատ է ստացել: Այսպիսով, շեյխ Հասինան երրորդ անգամ անընդմեջ եւ իր քաղաքական կենսագրությունում չորրորդ անգամ 5 տարի ժամկետով վարչապետ է վերընտրվել:
Ընտրություններին մասնակցել է ավելի քան 100 մլն ընտրող (երկրի բնակչության 165 միլիոնից), քվեարկության շրջանում անվտանգությունն ապահովվել է մոտ 600 հազար իրավապահ:
Ընտրական հանձնաժողովն այս ընտրությունները որպես «բավականին խաղաղ» է որակել, սակայն որոշ շրջաններում բռնության բռնկումներ են գրանցվել: Վերջին տվյալներով բռնության զոհ է դարձել մինչեւ 20 քաղաքացի, ավելի քան 200-ը տուժել է:
Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ կրկնակի քվեարկություն է պահանջում: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրությունների մասնակցությունը բարձր է եղել՝ մոտ 80 տոկոս եւ դրանք նորից անցկացնելու հիմքեր չկան: