«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է մեկ անձ. Դատախազություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2018թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին էր ուղարկվել «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ. դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, ըստ որի՝ անհայտ անձը ազգային պարկի Հաղարծին տեղամաս մասնաճյուղի թիվ 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի կերպով հատել է 15 տարբեր տեսակի և տրամագծի թաց կանգուն ծառեր: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Դիլիջանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ անհայտ անձի կողմից նշված տարածքում հատվել է ոչ թե 15, այլ 18 թաց կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5. 550. 000 դրամի նյութական վնաս: Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով Դիլիջանի բաժին է հրավիրվել Թեղուտ գյուղի բնակիչ, 1985 թվականին ծնված Գ.Ղ.-ն:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանցագործության մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ.Ղ-ն ձերբակալվել է: