«Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10–20–30 աշխատատեղը». «Անուշարանի» տնօրենը պարզաբանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթի հունվարի 15–ի համարում գրել էինք, որ մեր ունեցած տեղեկություններով, Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան այլևս չի գործի: Պատճառը, ըստ մեր հրապարակման, իշխանությունների հետ ունեցած խնդիրներն են, ըստ որի՝ սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Հրապարակման մեջ ընդգծվել էր նաև, որ նշվածի հետևանքով 600 աշխատող գործազուրկ է մնում: Նշենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին:
Հրապարակումից հետո «Փաստ» օրաթերթի խմբագրություն է զանգահարել «Անուշարան» գործարանի տնօրեն Յուրի Նազարյանը և իր մտահոգությունը հայտնել նշվածի վերաբերյալ:
«Մենք բացվել ենք հինգ տարի առաջ, և այս ընթացքում մեր գործունեության մեջ ոչինչ չի փոխվել: Հակառակը, անընդհատ ներդրումներ են արվել, անընդհատ փոփոխություններ են իրականացվել, որ իրավիճակը դեպի ավելի լավը գնա: Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10, 20, 30, 40 աշխատատեղը»,– մեզ հետ զրույցում ասաց Յուրի Նազարյանը՝ ընդգծելով, որ նման տեղեկություններ թեև ավելի վաղ ևս տարածվել էին, բայց իրականության հետ որևէ աղերս չունեն:
«Բացի նրանից, որ ինֆորմացիան ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, նաև մեզ շատ վնասում է: Այդ հրապարակումներից հետո խանութների հետ միշտ խնդիրներ ենք ունենում: Արդեն մի քանի անգամ է, ինչ «Անուշարանի» հետ կապված նման լուր է գրվում, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Անընդհատ խանութներից զանգահարում են ու ասում, որ եթե փակվում եք՝ եկեք, ապրանքները հետ տարեք, որովհետև ձեզ մոտ խնդիր կա: Իրականում խնդիր չկա, մենք արագ տեմպերով և լավ աշխատում ենք, մեզ մոտ ոչինչ չի փոխվել»,–ասաց գործարանի տնօրենը:
Նա ընդգծեց, որ ոչ միայն չեն փակվում, այլև ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոներից հետո նոր աշխատակիցներ ներգրավելու վերաբերյալ հայտարարություններ են արել:
«Հիմա նոր տեսականի ենք ուզում արտադրել: Եվ արդեն 7 օր է հայտարարություններ ենք տվել այն մասին, որ նոր մասնագետներ են պահանջվում: Կան հայտարարություններ, ըստ որոնց՝ շատ աշխատատեղեր ունենք, մարդկանց հրավիրում ենք աշխատանքի»,–ասաց մեր զրուցակիցը:
Յուրի Նազարյանը ընդգծեց՝ հաշվի առնելով խանութների վճարունակությունը, ֆինանսական վիճակը, Շիրակի մարզում աշխատելը, աշխատատեղ ստեղծելը, առևտուր անելն առհասարակ շատ դժվար է:
«Մենք մեր ապրանքները հիմնականում Շիրակի և Լոռու մարզերում ենք տարածում: Եվ եթե այս տարածաշրջանները համեմատենք Երևանի, թեկուզև մնացածների հետ, ապա այս մարզերում նման գործունեություն ծավալելը դժվար է: Նախ դժվար է նրանով, որ մեծ շուկա չէ: Մենք չենք կարողանում ապրանքը շատ հեռու տանել: Օրինակ, խմորեղենի ժամկետը շատ կարճ է, և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շատ հեռու չենք կարողանում տանել: Հիմնականում տարածաշրջանում ենք աշխատում, ինչը ևս դժվար է: Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ ցանկացած նման հրապարակում շատ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա, զանգում են, ապրանքը հետ վերադարձնում, ինչը խնդիր է առաջացնում»,–ասաց տնօրենը:
Հավելենք նաև, որ վերոնշյալի շուրջ պարզաբանում էր ներկայացրել նաև Սամվել Բալասանյանի մամուլի ծառայությունը: