Լյովա Երանոսյանի գյուղում կրկին ծեծկռտուք է եղել․ ոստիկանները դեպքի վայրում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Ջրառատ համայնքում քիչ առաջ կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել. բնակիչների փոխանցմամբ` վիճաբանությունը եղել է Լյովա Երանոսյանի քրոջ` համայնքապետ որդու՝ Սամվել Գալստյանի համակիրների և ՏԻՄ ընտրություններում Գալստյանի հակառակորդ թեկնածու Հակոբ Մելքոնյանի և վերջինիս համակիրների միջև։ Գործի են դրվել նաև մետաղյա ձողեր։
Համայնքում այս պահին լարված մթնոլորտ է տիրում, բնակիչները նշում են, որ Հակոբ Մելքոնյանը վնասվածքներ է ստացել, իսկ նրա եղբայրը, որը 2017թ. նպանատիպ միջադեպի ժամանակ կոտրել էր թևը, այս պահին չի գտնվում։
Համայնքապետ Սամվել Գալստյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ևս լսել է գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, սակայն, մանրամասներից տեղյակ չէ։
«Այս պահին ոստիկանությունը ժամանել է և միասին զրուցում ենք, փորձում ենք հասկանալ, թե ինչպե՞ս է եղել և ովքե՞ր են մասնակիցները։ Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ` ինչ է եղել»,- մանրամասնեց համայնքապետը։
Համայնքի բնակիչներից մեկը նշեց, որ երեկ ևս համայնքում լարված մթնոլորտ է եղել․ «Էդ գյուղապետը ոչ մեկիս հանգիստ չի թողնում, ամեն օր նույն կռիվն ա գյուղում, հոգնել ենք արդեն, չի թողնում ապրենք»։