Դավոսյան թնջուկ. ինչպիսի՞ն կլինի ներկայացուցչականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին, որը կկայանա հունվարի 22–25–ը: Ուշագրավ է, որ այս տարի Դավոսի տնտեսական համաժողովի շուրջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում հատկապես ներկայացուցչականության առումով: Մասնավորաբար, երեկ պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել Է ոչ միայն իր, այլև ընդհանրապես ամերիկյան պատվիրակության ուղևորությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով: Որպես պատճառ նշվում է շարունակվող բյուջետային ճգնաժամը: Ի դեպ, ընդամենը 10 օր առաջ հայտարարվում էր, որ, ամենայն հավանականությամբ, պատվիրակությունը չի գլխավորի Թրամփը՝ Սպիտակ տան և ԱՄՆ–ի Կոնգրեսի վեճերի պատճառով, հիմա էլ պարզվում է, որ ամերիկացիներն ընդհանրապես չեն մասնակցի: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ համաժողովին չի մասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թեպետ այնտեղ կուղարկի կառավարական պատվիրակություն՝ ամենայն հավանականությամբ, տնտեսական զարգացման նախարարի գլխավորությամբ: Դավոսյան համաժողովից իր բացակայությունը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը բացատրել է «խիստ ծանրաբեռնված գրաֆիկով»: Դավոսում ներկա չի լինի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որպեսզի «կենտրոնանա Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու խնդիրների վրա»: Այս ամենից, իհարկե, համաժողովի նշանակությունը գուցե շատ չի տուժի, սակայն որոշակի ազդեցություն, ըստ մասնագետների, կունենա: