«Մենք կստեղծենք այն խաղաղությունն ու եղբայրությունը, որին դու այդքան կարոտ էիր». Թուրքիայի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ուղերձ է հղել Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ուղերձ է հրապարակել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ:
«Մենք երբեք չենք մոռացել «փոքր երեխային մարդասպան դարձնող այդ մութ համակարգը», խաղաղության համար պայքարելիս քեզ մեջքի ետևից խփողներին ու մարդասպաններին պաշտպանողներին: Քո անունը մենք ապրեցնում ենք մեր պայքարում: Հրանտ ախպարիկ, մենք կստեղծենք այն խաղաղությունն ու եղբայրությունը, որին դու այդքան կարոտ էիր», - գրված է կուսակցության Twitter-ի և Facebook-ի պաշտոնական էջերում կատարված հրապարակման մեջ:
Միևնույն ժամանակ Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել նաև Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Նա, մասնավորապես, մեջբերել է Հրանտ Դինքի հայտնի խոսքերը ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու միմյանց հասկանալու անհրաժեշտության մասին:
«Եկեք նախ իրար հասկանանք: Եկեք նախ միմյանց ցավերի հանդեպ հարգանք ցուցաբերենք: Եկեք նախ իրար ապրեցնենք»... 12 տարի եղավ: Չենք հրաժարվելու, ախպարի՛կ», - գրել է Փայլանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը թուրք ազգայնականի կրակոցով սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Նրա սպանության գործով դատավարությունը շարունակվում է մինչ օրս: