«Աջափնյակ վարչական շրջանի թիվ 49 մանկապարտեզի ծնողներից ահազանգ է եղել, որ կատաղած շներ կան տարածքում և արդեն մի քանի օր շարունակ ծնողները երեխաներին մանկապարտեզ տանելու ընթացքում հարձակման են ենթարկվում»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանը և հավելեց.  «Այս տարածքում երեխաների և նրանց ուղեկցող ծնողների վրա հարձակվելու 2 դեպք մի օրն է արձանագրվել, մի դեպք մի օրն է արձանագրվել։ Այս դեպքերի մասին մենք գիտենք, միգուցե էլի են դեպքեր եղել, որ պարզապես չենք իմացել»։ 

Առաքելյանը նշեց, որ այժմ հարցը քննարկման փուլում է. «Այսօր հարցումներով դիմել եմ քաղաքապետ Հայկ Մարությանին, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, դիմել եմ նաև կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին»։

Առաքելյանի խոսքով կատաղած շների մասին գրառումից հետո բազում ահազանգեր է ստացել քաղաքի տարվեր հատվածներից. «Այսինքն այս պահին շների կոնկրետ խնդիր կա քաղաքում»։

Եզրափակելով խոսքը Առաաքելյանը նշեց, որ այժմ փորձում են միջանկյալ լուծումներ գտնել. «Ժամանակին կար «Յունիգրաֆ Իքս»-ը, որը կազմակերպում էր շների դեմ պայքար, ընկերության հետ կապված կային որոշակի խնդիրներ և արդեն մի քանի ամիս ընկերության գործունեությունը դադարեցված է։ Այս պահին գործառույթներն իրականացնող կազմակերպություն չկա։ Նոր կազմակերպությանը գործառույթներ տալու շրջանակներում քաղաքապետարանը տենդերներ պետք է հայտարարի և տենդերների արդյունքում նոր ընկերությանը հանձնվի այս գործառույթը»։