ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում դժգոհություններ են ստացել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ալավերդի քաղաքով անցնող հատվածի շինարարական աշխատանքների հետ կապված բնակչությանն ու երթեւեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ։
Նախարարությունից հայտնում են, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքների պայմանագրերը ստորագրվել են 2017թ․ նոյեմբերի 30-ին, աշխատանքների մեկնարկը տրվել է 2018թ. մայիսի 29-ին։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է շինարարության մեկնարկից հետո 900 օրվա ընթացքում։
Նախագծով նախատեսված են մեծածավալ հողային եւ հորատապայթեցման աշխատանքներ, ինժեներական հաղորդակցուղիների տեղափոխում, ջրահեռացման համակարգի վերակառուցում, մայթերի, ճանապարհների վերակառուցում եւ այլն։ Այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ երթեւեկության պայմաններում։ Թեեւ Մ6 ճանապարհի սկզբնամասում (Ստեփանավանի խաչմերուկ) եւ Մ6-Նոյեմբերյան խաչմերուկում արդեն տեղադրված են տարանցիկ բեռնատարների մուտքը Մ6 ճանապարհ արգելող եւ այլընտրանքային երթուղով ուղղորդող ճանապարհային նշաններ, սակայն տարանցիկ բեռնատարները շարունակում են երթեւեկել հիմնանորոգվող ճանապարհով՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքներին, ինչի հետեւանքով աշխատանքների տեմպերը եւ արդյունավետությունը նախատեսվածից զգալիորեն նվազել են։
Այս ամենը հանգեցրել է նրան, որ ճանապարհի Սանահին-Բաղրամյան տեղամասի 750մ երկարությամբ հատվածում հին պատվածքի եւ հիմքի քանդման-հեռացման աշխատանքներն ավարտվել են, իսկ նորը չի հաջողվել կառուցել նախ հողապաստառի բարձր խոնավության, այնուհետեւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Ներկայում Ալավերդի քաղաքի այլ տեղամասերում իրականացվում են հողային եւ հորատապայթեցման աշխատանքներ։ Իսկ Սանահին-Բաղրամյան հատվածում ճանապարհի նոր հիմքի եւ պատվածքի կառուցումը հնարավոր կլինի իրականացնել միայն հողի օպտիմալ խոնավության եւ բարենպաստ եղանակի դեպքում։ Ճանապարհի անցանելիությունն ապահովելու նպատակով շինարարները պարբերաբար սպասարկման աշխատանքներ են իրականացնում:
Նախարարությունը եւ իրավասու օղակները համապատասխան միջոցներ կձեռնարկեն պատճառվող անհարմարություններն ու դրանց ազդեցությունները նվազեցնելու եւ հնարավորին բացառելու ուղղությամբ:
Պատճառվող անհարմարությունների համար նախարարությունից հայցում են համայնքի բնակչության եւ երթեւեկության մասնակիցների ներողամտությունը։