Լավագույնը ճանաչվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում Արևել յան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) իրականացվել է «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության և գործառնական արդյունավետության» գնահատում:
Հայաստանի հակակոռուպցիոն մարմիններից գնահատման են ենթարկվել Կոռուպցիայի պայքարի դեմ խորհուրդը, Հատուկ քննչական ծառայությունը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գլխավոր դատախազությունը՝ 2017–2018թթ. ժամանակահատվածի համար: Հակակոռուպցիոն մարմինների անկախությունը գնահատվել է Գիլարդի անկախության ցուցիչի հիման վրա, իսկ գործառնական արդյունավետությունը՝ ըստ մակարդակների (անարդյունավետ, սահմանափակ արդյունավետություն, միջին արդյունավետություն, առավելապես արդյունավետ, բարձր արդյունավետություն): Ըստ անկախության ցուցիչի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առավելագույն 1 միավորից ստացել է 0.87 միավոր և վերջինիս գործառնական արդյունավետությունը գնահատվել է բարձր: Այս բարձր ցուցանիշը համադրվում է Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի ցուցանիշի հետ: