Կրակոցներ Լուիզիանայում. տղամարդը սպանել է 5 մարդու՝ այդ թվում իր ծնողներին ու ընկերուհուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Լուիզիանա նահանգի ոստիկանությունը հետախուզում է հրաձիգին, որը կասկածվում է հինգ մարդու սպանության մեջ՝ այդ թվում իր ծնողների, հաղորդում է Associated Press-ը:
Կրակահերթը տեղի է ունեցել Ասենշենի եւ Լիվինգստոնի սահմանին՝ նահանգի մայրաքաղաք Բաթոն-Ռուժի հարավում շաբաթ:
Ինչպես հաղորդում են իշխանությունները՝ 21-ամյա կասկածյալ Դակոտա Թերիոթը փախուստի է դիմել դեպքի վայրից Dodge Ram արծաթագույն պիկապով՞
Առաջին սպանությունը տեղի էր ունեցել Գոնզալեզ քաղաքում՝ թրեյլերների զբոսայգում: Երբ ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր, զոհերը՝ 51-ամյա Էլիզաբեթ եւ Քիթ Թերիոթը դեռեւս ողջ էին: Նրանք հայտնել էին, որ կրակողն իրենց որդին էր, որին նրանք հրամայել էին հեռանալ տանից եւ այլեւս չվերադառնալ:
Այնուհետեւ հրաձիգը սպանել էր եւս երեք մարդու Լիվինգստոնի սահմանին: Զոհերը նրա ծանոթներն էին՝ 43-ամյա Բիլլի Էրնեսթը, 20-ամյա Սամմեր Էրնեսթն ու 17-ամյա Թաններ Էրնեսթը:
Համաձայն ոստիկանության հաշվետնության՝ Դակոտա Թերիոտը հանդիպում էր Սամմերի հետ:
Թաններն ու Սամմերը Բիլլի Էրնեսթի երեխաներն էին: Նրանց մորաքույրը հայտնել է AP գործակալությանը, որ վերջին անգամ նրանք հանդիպել էին Դակոտա Թերիոթի հետ տարեդարձի երեկույթի ժամանակ, եւ նրանց մոտ այդ հանդիպումը բացասական հիշողություն էր թողել:
Հայտնի է, որ վերջին ժամանակաշրջանում Դակոտա Թերիոթը սոցցանցերում դեպրեսիվ գրառումներ էր կատարում: