Ադրբեջանը Թուրքիային է արտահանձնել Բաքվում գյուլենական համայնքի ղեկավարներից մեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը Թուրքիային է արտահանձնել Բաքվում գյուլենական համայնքի ղեկավարներից Իբրահիմ Է.-ին, այս մասին գրում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հայտնի է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամը հանդիսանում էր նաև գյուլենական համայնքին պատկանող «Զաման» թերթի՝ Բաքվի խմբագրության ղեկավարը:
Աղբյուրը նշում է, որ Իբրահիմ Է.-ն արդեն տեղափոխվել է Անկարա:
Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է Գյուլենի արտահանձնումը՝ համարելով նրան ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր պատասխանատուն, սակայն ամերիկյան կողմը մինչ օրս հնչեցված մեղադրանքները բավարար հիմնավոր չի համարել:
Թեև հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սահմանված արտակարգ դրության ռեժիմն արդեն չեղարկվել է՝ երկրի ամբողջ տարածքում շարունակվում են գյուլենականների հետապնդումներն ու ձերբակալությունները: