Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 31-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է կառավարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և ՀԲ-ի փոխգործակցության օրակարգը: Սիլվի Բոսութղոն նշել է, որ մոտ ապագայում սպասվում է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահի այցը, ինչպես նաեւ պատրաստվում է Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Վերջինս խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում: Տիգրան Ավինյանն ասաց, որ մյուս շաբաթ Ազգային ժողով կներկայացվի կառավարության ծրագիրը, որը հիմնված է ներառական աճի մոդելի վրա: