Աննա Հակոբյանը եւ ԳԴՀ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցության ուղիներ
ՔԱՂԱՔԱԿԱՆԲեռլինում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին այսօր՝ փետրվարի 1-ին կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության ուղիները։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։
Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաեւ անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր կառավարության ձեռքբերումներին: Կողմերը կարեւորել են վերոնշյալ ոլորտում հետագա համագործակցության խորացումը:
ԳԴՀ արտաքին քաղաքականության ուղղություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին աջակցումը, մարդու իրավունքների խախտումներին զոհ դարձած անձանց պաշտպանությունը, ինչպես նաեւ այդ նպատակով միջազգային ինստիտուցիոնալ եւ քաղաքական շրջանակների ստեղծումը: