Վերաքննիչի դատավորի կողմից կանխակալ վերաբերմունք չի եղել. Հայկ Ալումյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստերին դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք չի եղել դատավարության կողմերի հանդեպ։ Այս մասին այսօր՝ հունվարի 4–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Այս գործով ես չտեսա կանխակալ մոտեցում, դատավարությունն անց է կացվել շատ հավասարակշռված ձեւով։ Երկու կողմերի բոլոր ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել կողմերին լիարժեք ներկայացնել բոլոր փաստարակներ»,–ասաց նա՝ նշելով, որ նույնը չի կարելի ասել առաջին ատյանի դատարանի դատավորի մասին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու. այն կհրապարակվի փետրվարի 7-ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։