Կառավարության նիստի օրակարգում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության վաղվա հերթական նիստին ներկայացված է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշման նախագիծը:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:
Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության:
Հիմք ընդունելով կանոնադրության վերոնշյալ դրույթները՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին գումարված նիստում Վարդան Էդիկի Ուռուտյանը նիստին ներկա հոգաբարձուների միաձայն որոշմամբ ընտրվել է համալսարանի ռեկտոր:
Նախագծի ընդունումը կնպաստի համալսարանի բնականոն գործունեությանը, համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանն ընտրված ռեկտորի կողմից: