Կառավարության ծրագիրը երկրի տնտեսության զարգացմանը չի հանգեցնի. փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարության ծրագիրը չի կարող երկրի տնտեսության զարգացմանը հանգեցնել: Փետրվարի 7-ին NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ ծրագրում բացակայում է սոցիալական ուղղվածությունը:
«Օրինակ, աղքատության հաղթահարման մասին դրույթն անհեթեթ է հնչում, հաշվի առնելով այն, որ աշխարհի ոչ մի երկրի չի հաջողվել պայքարել այդ խնդրի դեմ: Հայաստանն այս իմաստով ամենանախանձելի վիճակում չէ:
Անհասկանալի է, թե ով է այդպիսի դրույթներ ներառել կառավարության ծրագրի մեջ։ Անհրաժեշտ էր այդ գործընթացում ներգրավել մասնագետների։ Ցանկալի կլիներ այդ մարդկանց հետ բաց քննարկում անցկացնել, որպեսզի հնարավոր լիներ ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք ակնհայտորեն ծագում են»,- հավելեց նա։
Փորձագետը հայտարարեց, որ այս ծրագրով 5 տոկոս տնտեսական աճ հնարավոր չէ։ «Ավելին, 5 տոկոսանոց տնտեսական աճի նշաձողը թույլ չի տալիս խոսել պետության զարգացման եւ երկրի տնտեսական կառույցի մասին։ Աշխարհում այժմյան տնտեսական իրականության պայմաններում Հայաստանը 5 տոկոս տնտեսական աճով չի կարող համարվել մրցունակ երկիր»,- ամփոփեց Թաթուլ Մանասերյանը