Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Քարթալ շրջանում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին:
Նշվում է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, չի բացառվում, որ զոհերի ու վիրավորների թիվը կաճի: Ներկա պահին տուժածների թիվը 14 է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շենքի փլուզումից գրեթե 2 օր անց փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 16-ամյա դեռահասի, որը հրաշքով ողջ է մնացել:
Ինչպես հայտնել էր tert.am-ը, շենքում 12 ընտանիք է բնակվելիս եղել (43 մարդ), շենքում ընդհանուր առմամբ կար 24 բնակարան:
Հատկանշական է, որ շենքի փլուզման պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1992 թվականին կառուցված շենքը վթարային չէր:
Դեպքի առնչությամբ տարվող հետաքննության լուսաբանումն արգելված է լրագրողների համար: