Քաշմիրում ռազմական ավտոշարասյան հարձակման զոհերի թիվը հասել է 42-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգում ռազմական ավտոշարասյան վրա հինգշաբթի իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Այս մասին հաղորդում է ТАССգործակալությունը՝ հղում անելով հնդկական աղբյուրին:
Հայտնի է, որ մահապարտ ահաբեկիչը 350 կգ պայթուցիկով լի մեքենա է պայթեցրել 78 մեքենայից կազմված ռազմական շարասյան հարևանությամբ, որն ավելի քան 2500 զինվորականի էր տեղափոխում: Պայթյունը որոտացել է ավտոբուսներից մեկի մոտակայքում, որում 42 մարդ է եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի և տասնյակ վիրավորների մասին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջաիշ է Մուհամմադ» արմատական խմբավորումը, որը հանդես է գալիս նահանգի՝ Հնդկաստանից անջատման օգտին:
Քաշմիրում, որը Հնդկաստանի միակ նահանգն է, որի բնակչությունը մեծամասամբ մուսուլմաններ են, իրավիճակը լարված է տարիներ շարունակ: Քաշմիրի հնագույն իշխանության տարածքը 1947-ի ի վեր վեճերի առարկա է դարձել Պակիստանի և Հնդկաստանի միջև: