Մանվել Գրիգորյանը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ես հստակ կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել»․ այսօր՝ փետրվարի 15-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գրիգորյանը հարցաքննվել է Մարտի մեկի գործի շրջանակներում։
«Վստահաբար հայտարարում եմ, որ Մանվել Գրիգորյանն այդ դեպքերի առնչությամբ ցուցմունք չի տվել»,- ասաց նա։
Նշենք, որ 2008թ. փետրվարյան օրերին սպասվում էր, որ ընդդիմությանը կմիանան Պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը: Մանվել Գրիգորյանն այդ ժամանակ զբաղեցնում էր նաև ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։
ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։