Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում»
ՔԱՂԱՔԱԿԱՆԱլավերդու պղնձաձուլական գործարանի և բնակչության շուրջ ծագած դիլեման շարունակում է մնալ խնդրահարույց, ավելին՝ չեն նշմարվում անգամ լուծման ուղենիշները: Սակայն ալավերդցիների համբերությունը, կարծես թե, հասնում է եզրագծին: Ըստ «Փաստ» օրաթերթի հավաստի տեղեկությունների, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կառավարության առաջ դրել են վերջնագիր՝ կա՛մ «մի հնարով» գտնում եք գործարանի վերագործարկման տարբերակը, կա՛մ «մեզ հետ էլ գործ չունեք»: Ավելին, անգամ սպառնացել են ամբողջովին կաթվածահար անել ոչ միայն երկաթգիծը, ինչի փորձը արվեց, այլև Մ6 միջպետական մայրուղին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունն ամեն կերպ փորձում է խուսափել քննարկումներից, քանի որ այս պահին ոչ մի կոնկրետ ասելիք չունի, իսկ ասածն էլ դասական «ջուրծեծոցի» է: Ըստ նույն աղբյուրների, նախատեսված հանդիպումով փորձ է արվելու ընդամենը մեղմել մարդկանց մոտ առկա պայթունավտանգ վիճակը և նրանց որոշակի արհեստական սուբլիմացիայի ենթարկել: