Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է ավելի քան 2 ու կես մլն դրամ. Ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն յուրացման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել։
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի գործընկերների հետ։
Համատեղ աշխատանքով ոստիկանները պարզել են, որ Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2018 թվականների տարբեր ժամանակահատվածներում որպես կրթօջախի պահակ, էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել տարբեր անձանց, որոնք փաստացի աշխատանքի չեն եկել, նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձներն էլ՝ ընդհանուր 2.450.000 դրամ, տնօրենը յուրացրել է։
Պարզվել է նաև, որ դպրոցի տնտեսվարը 2012 թվականին մի քանի ամսով արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, սակայն այդ ընթացքում նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Ընդհանուր 200.000 դրամից ավելի գումարը ևս յուրացվել է։
Յուրացման կամ վատնման փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Կատարվում է նախաքննություն։