Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստի»՝ Արցախից ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ինժեներական լուրջ աշխատանքներ է իրականացնում: Միևնույն ժամանակ հայկական դիրքերի ուղղությամբ օրական միջինը մոտ 500–800 կրակոց է արձակում։ Զուգահեռաբար Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը պարբերաբար այցելում են տարբեր ռազմական օբյեկտներ: Ավելին, մինչ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ադրբեջանական ԶԼՄ–ները, որոնք, ինչպես հայտնի է, մեծամասամբ իշխանությունների կրնկի տակ են, անընդհատ տարփողում են նոր զինատեսակների ձեռքբերման մասին և շարունակում են ռազմատենչ հռետորաբանությունը զարգացնել: Մեր տեղեկություններով, հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն «ձեռքները ծալած» չի նստում: Լինելով խաղաղության կողմնակից, հավատարիմ մնալով հրադադարի հաստատման պայմանավորվածություններին, միևնույն ժամանակ հաշվի առնելով ադրբեջանցիների «բնույթը»՝ հայկական զինուժը ևս շարունակում է համալրվել և ցանկացած պահի պատրաստ է համարժեք հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության: