Պետերբուրգում BMW-ի վարորդը մխրճվել է ամբոխի մեջ. կա 2 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանտկ-Պետերբուրգում վարորդը՝ BMW X6-ի ղեկին, դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ, հայտնվելով մայթին, մխրճվել մի խումբ հետիոտների մեջ: Կիրակի՝ փետրվարի 24-ին, տեղի ունեցած միջադեպի տեսանյութը հրապարակել է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
ՃՏՊ-ը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը Նեւսկի պողոտայում՝ «Նեւսկի Պլազա» շենքի մոտակայքում: Վրաերթի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս երեք մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը, զոհերի ինքնությունն արդեն հաստատվել է. նրանք են 39-ամյա մոսկվայաբնակ կինն ու 1978 թվականին ծնված ԱՄՆ-ի քաղաքացին:
BMW-ի վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել. նա ձերբակալվել է: ՆԳՆ-ի տարածաշրջանային գլխամասում մանրամասնել են, որ կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ-ի 264 հոդված 6-րդ մասի համաձայն («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող անձի կողմից, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան»): Այնտեղ հավելել են նաեւ, որ 30-ամյա տղամարդուն զրկել էին վարորդական իրավունքից դեռեւս 2018 թվականի նոյեմբերին: