Առաջին «քառօրյայի» արհեստական աուրան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի այս շաբաթվա քառօրյան տևեց ընդամենը երկու օր, քանի որ օրակարգում առկա էր երկու նախագիծ (ի դեպ՝ ընդդիմության կողմից ներկայացված) և մեկ հաղորդում: Նման աղքատիկ ու դատարկ օրակարգով, սակայն, առաջին հերթին «իմքայլական» պատգամավորները կարողացան տեղեկատվական դաշտում այն «պահել» թրենդի մեջ, քանի որ ԱԺ-ում տեսարանների պակաս իրոք չկար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատուկ հանձնարարել է լինել առավել ակտիվ, որպեսզի քննարկումները հնարավորինս երկար ձգվեն, այդ իսկ պատճառով մասնավորաբար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից ԿԸՀ հաղորդման քննարկման ժամանակ 12 գրանցված պատգամավորներից 10-ը «Իմ քայլից» էին: Արհեստական ձգձգման պատճառն առաջին հերթին այն է, որ իմիտացիա ստեղծվի, թե լուրջ աշխատանքի մեջ են ու գերծանրաբեռնված: Ավելին՝ իշխանական կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներով փորձում են ցույց տալ, որ միայն իրենք են մտահոգներն ու աշխատասերը՝ մեղադրանքներ հնչեցնելով ընդդիմության պասիվության վերաբերյալ: