ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան բանկերի դեմ Մադուրոյի հետ աշխատելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տունը չորեքշաբթի սպառնացել է պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան բանկերի նկատմամբ, որոնք գործարքներ կկնքեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ:
Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության մեջ ասվում է. «Բանկերը պատժամիջոցների կենթարկվեն Նիկոլաս Մադուրոյի և նրա կոռումպացված ցանցի հետ գործարքներում ներգրավվելու համար: Մենք թույլ չենք տա Մադուրոյին գողանալ վենեսուելացի ժողովրդի հարստությունը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը, ինչպես նաև մի շարք եվրոպական, հարավամերիկյան և այլ երկրներ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել ընդդիմության առաջնորդ, Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոյին: Վերջինս իրեն երկրի ղեկավար է հռչակել հունվարի 23-ին: